ԲՂԵՆՈ ՆՈՐԱՎԱՆՔ

Բղենո Նորավանքը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի ենթաշրջանի Բարձրավան գյուղից արևելք, անտառապատ դարավանդի վրա: Ըստ պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանի, 936 թվականին վանքը հիմնադրել և, Հրահատ իշխանի օժանդակությամբ, կառուցել է Ստեփանոս եպիսկոպոսը:

Բղենո Նորավանքի դիմաց հիմնվել է բորոտանոց, որտեղ հավաքել և օգնություն են ցուցաբերել բազմաթիվ հիվանդների:

Ստեփանոս եպիսկոպոսը վախճանվել է 970 թվականին: Նա թաղվել եկեղեցու մոտ:

989 թվականին Բղենո Նորավանքում ընդօրինակվել և նկարազարդվել է Էջմիածնի Ավետարանը՚:

1062 թվականին, Սյունյաց Գրիգոր Ա. Աշոտյան թագավորի հրամանով, սրբատաշ կապտավուն բազալտով հիմնովին վերակառուցել են այն:

Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ եզակի է իր հորինվածքով և հարդարանքով: Նորավանքն ունի ընդհանուր երկթեք ծածկի տակ վերցրած թաղածածկ աղոթասրահ, խորաններով սրահներ, կենտրոնում կամարակապ մեծ բացվածքով գավիթ: Յուրօրինակ են մեանդրներով մշակված շքամուտքը, գավթի որմնասյուների բուսական զարդաքանդակներով խոյակները, հնգախորշ խորանը, երկայնական պատերի զույգ, կամարակապ քանդակազարդ բացվածքները:

Հայկական արվեստում բացառիկ են ճակատները ձևավորող, կաթնագույն քարի սալերի վրա իրականացված պատկերաքանդակները, որոնք բովանդակում են Քրիստոսի կյանքի հետ կապված առանձին թեմաներ՝ Ավետումից մինչև Համբարձում:

Այս բարձրարվեստ քանդակները սերտորեն առնչվում են Սյունիքի մանրանկարչության հետ և հայկական միջնադարյան արվեստի հանգուցային ստեղծագործություններից են:
Բղենո Նորավանքը վերակառուցվել է 1962 թվականին: