ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

Որոտնավանք, Վաղատնի վանք, միջնադարյան համալիրը գտնվում է Սյունիքի մարզի Վաղատին գյուղից 2 կմ հարավ, Որոտան գետի կիրճի եզրին։ Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Որոտնավանքի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (այժմ` ավերակ) հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը, վերակառուցել` Հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի:

Համալիրի շենքերը տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հյուսիսային և արևելյան կողմերում։ Առավել վաղ թվագրություն ունեցող կառույցը Սյունյաց Շահանդուխտ թագուհու կառուցած Ս.Ստեփանոս թաղածածկ եկեղեցին է (1000թ.)։ 1007թ.-ին Շահանդուխտի որդի Սևադան եկեղեցուց հարավ-արևելք կառուցել է գմբեթավոր, եռախորան, չորս անկյուններում ավանդատներով Ս.Կարապետ եկեղեցին։ Եկեղեցին զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում` հրեշտակ:

Վանքի տարածքում, այս երկու եկեղեցիներից դեպի արևմուտք, պահպանվել են նաև թաղածածկ գավիթը և այլ կիսավեր շենքեր։ Որոտնավանքը շրջապատված է եղել պարսպապատերով, ընդորում կառույցների հյուսիսային պատերը վանքի պաշտպանական համակարգի մասն են կազմել