ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔ

Տաթի վանքն ինքնուրույն հոգում էր իր հանապազորյա կարիքները։ Վանքում գործում էին ձիթհանը, ալրաղացները և ավանդական թոնիրը։ Տաթևում բնակվող հարյուրավոր վանականների, ուսանողների և հոգևորականների սննդի համար անհրաժեշտ մթերքները մշակվում և պատրաստվում էին Տաթևի վանքի տարածքում կամ շրջակա վանքապատկան հողակտորներում։ Ավելցուկը վաճառվում և փոխանակվում էր:

Տաթևն ուներ յուրատիպ ջրամատակարարման և ոռոգման համակարգ: Կավե խողովակներով սարերից հոսող աղբյուրների ջուրը տեղափոխվում էր վանք և մերձակա տարածքներ: Սա հնարավորություն էր տալիս Որոտան գետի կիրճում մշակել խաղողի, մրգատու այգիներ: Այստեղ աճում էր մրգերի և բանջարեղենների լայն տեսականի՝ ներառյալ ձիթապտուղը, որը տարածված չէր այդ շրջանում։ Ձորի խորքում, մեկուսացված Մեծ Անապատ վանքի մերձակայքում, գործում էր նաև գինու արտադրություն։ Շրջակա գյուղերի բնակիչները մշակում էին մրգատու այգիներ, աշխատեցնում էին ձիթհանը և այլ արտադրություններ: Իրենց բերքի մի մասը գյուղացիները տրամադրում էին վանքին:

Տաթևը գիտական և մշակութային վերածնունդ ապրեց 14-րդ դարում՝ Տաթևի համալսարանի բացման շնորհիվ։ Համալսարանը հիմնադրվեց 1390 թ. Հովհան Որոտնեցու կողմից և հետագայում իր ծաղկունքին հասավ Գրիգոր Տաթևացու գլխավորությամբ։ Տաթևի համալսարանը խիստ առաջադեմ կրթական և գիտական հաստատություն էր, որը բաղկացած էր երեք տարբեր դպրոցներից։ Դպրոցներից յուրաքանչյուրը բաժանված էր տարբեր ֆակուլտետների՝ ներառյալ աստվածաբանության, փիլիսոփայության, ճարտարապետության, մատենագրության և մանրանկարչության բաժիններ:

1435 թվականին վանքը գրավվեց Լենկթեմուրի գահակալներից մեկի՝ Շահռուխի կողմից։ Ողջ մնացած վանականները ստիպված էին տեղափոխվել երկրի հյուսիս և հաստատվել Սանահինի վանքում:
Հետագա դարերի ընթացքում Տաթևի վանքը վերապրեց հոգևոր կյանքի վերելքի ժամանակաշրջաններ, վանքը բազմիցս վերանորոգվեց, սակայն այն երբեք չվերգտավ իր միջնադարյան փառքը։

1931 թ. երկրաշարժը վանքը վերածեց ավերակների։ Խորհրդային իշխանության վերջին տարիներին մի քանի փորձ արվեց վերականգնելու վանքը, սակայն այդ աշխատանքները իրականացվեցին թերություններով և մնացին անավարտ։ Դրանք ոչ միայն հանգեցրին պատմական և ճարտարապետական անճշտությունների, այլև ջրի հոսքի շարունակական քայքայիչ ազդեցության պատճառ դարձան։ Այսօր վանքի ամբողջական վերանորոգումը և վանական կյանքի վերականգնումը «Տաթևի վերածնունդ» ծրագրի հիմնական բաղադրիչներն են:

Նպատակը Տաթևի մշակութային ժառանգության բազմադարյա ավանդույթների պաշտպանությունը, պահպանումն ու ամրապնդումն է:

Աշխարհի ուշադրությունն իր վրա վերջերս սևեռած, թռիչքով ամենամեծ ճոպանողունին ոչ միայն մարդկային մտքի ու երևակայության շքեղ արգասիքներից է, այլև ունի սահմանամերձ գյուղերի պահպանության ռազմավարական նշանակություն: